Շիրակի մարզ

Շիրակի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Վարչական կենտրոնը Գյումրի քաղաքն է։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քաղաք Գյումրիում), սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Տե՛ս նաև՝ Շիրակ (գավառ)

Շիրակի մարզի ռելիեֆային քարտեզ

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում Փամբակի, Բազումի լեռնաշղթաների, Եղնախաղի, Ջավախքի, Արագածի լեռնազանգվածների մի մասը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից տարածքը ընդհանուր առմամբ ունի համեմատաբար միատարր հրաբխային կազմություն և երիտասարդ հասակ։ Հայկական լեռնաշխարհի հետ միասին մարզի տարածքն անցել է երկրաբանական զարգացման բարդ ուղի։ Եռանդուն տեկտոնական շարժումները, որոնց շնորհիվ երկրակեղևը ծալքավորվել ու կոտրվել է, տեղի է ունեցել երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում։ Սակայն մարզի ռելիեֆի ձևավորման գործում գլխավոր դերը պատկանում է ալպյան լեռնակազմությանը, երբ տարածքը բարձրացել է ծովի հատակից և թևակոխել ցամաքային զարգացման փուլ։ Հետագայում, շարունակվելով վերընթաց տեկտոնական շարժումները, ձևավորվել են միջին բարձրության լեռներ։ Նեոգենի ժամանակաշրջանի կեսերին տեղի ունեցած հզոր լեռնակազմական պրոցեսների հետևանքով տարածքի շրջակա լեռները դարձել են ավելի բարձր, հովիտները` ավելի խորը։ Այդ ժամանակաշրջանում է, որ այստեղ գոյանում են երկրակեղևի տարբեր ուղղություններով ձգվող Սևան-Շիրակի, Ջավախք-Արագած-Մասիսի և Աշոցքի բեկվածքները։

Եռանդուն տեկտոնական շարժումները ուղեկցվել են բուռն հրաբխականությամբ, որն ընդգրկել է մարզի ամբողջ տարածքը` սկսած Եղնախաղից, Աշոցքից մինչև Արագած։ Հրաբխային արտավիժման և ժայթքման նյութերը ծածկել են հսկայական տարածություններ` իրենց տակ թողնելով ծալքավոր և ծալքաբեկորավոր լեռների խղզման գծերի զգալի մասը` դրանց վրա գոյացնելով հրաբխային լեռնավահաններ, առանձին լեռնազանգվածներ, սարավանդներ։ Նման եղանակով են գոյացել Արագած լեռնազանգվածը, Ջավախքի, Աշոցքի, Եղնախաղի լեռնավահանները, Աշոցքի և Շիրակի սարահարթերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *